This article is available in: English ՀայերենEspañol
Photo by Kike Sempere Barrachina, CC BY-SA 3.0 ES.

Պատկերը՝ Kike Sempere Barrachina, CC BY-SA 3.0 ES.

2016 թվականին Բեռլինում կայացած Վիքիմեդիա կոնֆերանսի ժամանակ Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Իսպանիայի ներկայացուցիչները քննարկեցին համատեղ համագործակցության հնարավորությունները։ Նախնական քննարկումն ուղղված էր Վիքիպեդիայում բովանդակության ավելացմանը, և ի վերջո որոշվեց գրել հոդվածներ երկու երկրների ամրոցների և բերդերի մասին։ Այս համագործակցության նպատակն էր բարելավել երկու երկրների պատմամշակութային ժառանգությունների մասին տեղեկատվությունը և ամրացնել կապը երկու Վիքիմեդիա կազմակերպությունների միջև։

Հետագա ամիսներին ինտենսիվ նամակագրական կապի շնորհիվ որոշվեց մրցույթի ձևաչափը․ մրցույթը պետք է տևեր մեկ ամիս և տեղի ունենար աշնանը։ Հայկական համայնքը պետք է հոդվածներ ստեղծեր Իսպանիայի ամրոցների, իսկ իսպանական համայնքը՝ Հայաստանի ամրոցների մասին։ Կողմերը համաձայնեցին նաև լավագույն մասնակիցներին տալ խրախուսական մրցանակներ՝ գրքեր, Ամազոն նվեր-քարտ և… անակնկալներ։

Մրցույթի անցկացման ամիս ընտրվեց սեպտեմբերը, որովհետև Վիքիմեդիա Հայաստանը մինչև տարվա վերջ այլ նախագծեր ուներ։ Էջեր ստեղծվեցին Մետա-Վիքիում և Հայերեն Վիքիպեդիայում, որտեղ ամփոփված էր մրցույթի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ կանոնները, հոդվածների առաջարկվող ցանկը։ Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրի մասնակիցներիցOmicroñ’R մասնակիցը մրցույթի համար տարբերանշան ստեղծեց։ Վիքիմեդիա Իսպանիան փորձեց գովազդել մրցույթը Իսպանիայի հայկական հաստատությունների շրջանում, ինչպիսիք են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը և Հայաստանի հյուպատոսությունը, սակայն ապարդյուն։

Սահմանվեց 3 անվանակարգ՝ ամենաշատ հոդվածներ ստեղծելու համար, բարձրորակ հոդվածների համար և այլալեզու վիքիներում մեծ քանակով թարգմանությունների համար։ Մրցույթին մասնակցության մակարդակը և ստեղծված հոդվածների քանակը բարձր էին, եթե հաշվի առնվի թեմայի նեղ լինելը։ Ընդհանուր առմամբ 283 հոդված է խմբագրվել 7 լեզուներով, որոնցից 276-ը նոր է ստեղծվել։ Մրցույթին մասնակցում էր 21 խմբագիր՝ Հայաստանից՝ 12 և Իսպանիայից՝ 9։ Մրցույթի հայ մասնակիցներից մեկը՝ Անահիտ Բաղդասարյանը, այսպես նկարագրեց մրցույթին իր մասնակցությունը․

“Սիրում եմ իսպաներենը, անընդհատ նյութեր էի որոնում կարդալու, որպեսզի բարելավեի իմացածս։ Եվ ահա Իսպանիային, նրա պատմաաշխարհագրական դիրքին, նրա ամրոցների գեղեցիկ, անկրկնելի աշխարհին ծանոթանալու հնարավորություն տվեց «Ամրոցների մրցույթը»։ Ես կարողացա նյութերի թարգմանության ընթացքում շատ բան իմանալ այդ երկրի, նրա ամրոցների աշխարհի, առանձին վայրերի մասին։ Կարողացա բարելավել իմ իմացածի վերաբերյալ տեղեկույթը, հիացա ամրոցների վեհացնող, բարձրացնող տեսքով։ Սիրով մասնակցեցի մրցույթին և վերցնելով շատ գիտելիքներ՝ նպաստեցի Իսպանիայի վերաբերյալ իմ ունեցածի հարստացմանը, նաև ցանկացա, որ իմ ներդրումների շնորհիվ հնարավորություն տամ այլ մարդկանց շփվել այդ երկրի նյութական մշակույթի մաս կազմող ամրոցներին, նրանց շինարարությանը, ճարտարապետական ձևերին։ Ես շատ բան սովորեցի, ինձ համար շատ հետաքրքիր, հաճելի ու հրաշք աշխարհ էր ամրոցների աշխարհը, որն ինձ գրավեց իր ամրությամբ, դարերի միջով անցնելու իր տոկունությամբ։”

Մրցույթի հայաստանյան հաղթողները կհայտարարվեն Վիքիպեդիայի օրը՝ հունվարի 15-ին, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, մինչդեռ իսպանական կողմի հաղթողները պարզ կդառնան մրցույթի Մետա-վիքիի էջում։

Ե՛վ Վիքիմեդիա Հայաստանը, և՛ Վիքիմեդիա Իսպանիան գոհ են մրցույթի արդյունքներից, և հուսով են, որ սա երկու կազմակերպությունների երկար և արգասաբեր համագործակցության միայն սկիզբն է։
Լիլիթ Թարխանյան, Վիքիմեդիա Հայաստան
Ռուբեն Օխեդա, Վիքիմեդիա Իսպանիա